Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ
28.10.2011 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ

Այդ օրը բոլորս միասին էինք։ Մեր մշտական սեղանի շուրջը բազմամարդ էր, և բոլորն ուշադիր լսում էին անծանոթ, բայց շատ լավ համբավ ունեցող տարեց պարոնին։ Հավանաբար անգլիացի էր։ Ազնիվ, մի քիչ հոգնած դեմք, խելացի, բոցավառ աչքեր, համառ կզակ ու երկու մեծ սպի ճակատին։ Նա շատ բաների էր դիմացել` անձամբ մասնակցելով երեք քաղաքացիական պատերազմների օտար երկրներում։ Խոսում էր բավականին դանդաղ, ներքին մեծ ուժով, կարճ, աֆորիզմների նման նախադասություններով։ Ինձ հաջողվեց ինչ-որ բաներ գրանցել նրա ասածից, ինչը հիմա վերարտադրում եմ։
«Քաղաքացիական պատերազմը ատելության պայթյուն է, որին հետևում է համընդհանուր հրդեհը։ Հաճախ անուշադրության են մատնում, թե ինչպես և որտեղ է կուտակվում ատելությունը երկրում, որովհետև թվում է, թե անսպասելիորեն, մի պայծառ օր, բռնկում է ահավոր մի փոթորիկ։ Իսկ իրականում ատելությունն ու հալածանքը վաղուց առկա էին։ Չէ՞ որ դասակարգային պայքարը քողարկված քաղաքացիական պատերազմ է, իսկ քաղաքացիական պատերազմը հենց բացահայտ և անողոք դասակարգային պայքար է։
Քաղաքացիական պատերազմը նման է համաճարակի, դա ատելության հոգեգարություն է, որը շարունակ տարածվում է ու ընդգրկում հասարակության նորանոր շերտեր։ Այդ երևույթը ճիշտ հասկանալու համար հարկավոր է վերադառնալ միջին դարեր, սարսափելի համատարած հիվանդությունների ժամանակներ։ Ստեղծվում է տպավորություն, թե մարդիկ այնպես են վարակում միմյանց ատելությամբ ու վրեժխնդրությամբ, որ բոլոր բարոյական արգելակները և հասարակության հիմքերն աստիճանաբար ջլատվում են կամ վերջնականապես դեն նետվում։ Այդ ժամանակ հաղթանակում է չար կամքը։ Ոչ ոք այլևս չի մտածում հաշտեցման մասին։ Ընկերդ այլևս ընկերդ չէ։ Թշնամին հասարակ պատերազմում երբեք չի արժանանում այնպիսի ատելության, ինչպես համերկրացի թշնամին քաղաքացիական պատերազմում։ Ոչ մի տեղ այնպես չեն պայքարում թշնամուն ոչնչացնելու համար, ինչպես այստեղ, որտեղ գերիներին հաճախ ոչնչացնում են, որտեղ հաճախակի կհանդիպես մարդկանց, որոնք պարծենում էին իրենց կողմից սպանված հայրենակիցների քանակով։
Քաղաքացիական պատերազմը նման է երկրաշարժի. ամեն ինչ ալեկոծվում է, ամեն ինչ քանդվում, միայն այն տարբերությամբ, որ մարդիկ հենց իրենք են առաջացնում այդ չդադարող երկրաշարժը, որի մեջ մոլեգնում են հենց իրենք։ Ինչպես ասել է մեծ փիլիսոփա Հոբսը` մարդը մարդու հանդեպ դառնում է գայլ։ Կարգ ու կանոնի և անվտանգության մասին խոսք լինել չի կարող։ Կորչում է փոխվստահությունը։ Բոլորը ձգտում են այլ դիմակի տակ թաքնվել ու թաքցնել սեփական իսկական համակրանքները։ Բոլորը տրամադրված են երկդիմի միմիկրիայի (նմանվելու, հարմարվելու ընդունակություն)` երկդիմի խաղ խաղալու` կիսաանկեղծորեն գովերգելով այս կամ այն ժամիշխանին։ Թշնամին ամենուրեք է, ամեն կողմից սպառնում է մատնությունը։ Քեզ ամենուրեք թաքուն լսում են, քեզ նախանձում են, ատում են և սպառնում։ Արթնանում են հոռի կրքերը, հայտնվում է մոռացված թշնամանքն ու ձգտում դուրս թափվել։ Դա համընդհանուր դավաճանության և հաշիվները կոպտորեն մաքրելու ժամանակն է։
Դա նաև բարոյականության համընդհանուր կորստի ժամանակն է։ Օրենքները լռում են կամ անընդհատ փոփոխվում։ Իրավագիտակցությունը չի հասցնում հետևել նրանց և հանձնվում է։ Ոչ ոք չգիտի, թե ինչն է օրինաչափ, ինչը` պատշաճ, ինչն է թույլատրելի, ինչը` ոչ։ Հանցագործները գործում են բացեիբաց և անարգել խայտառակություններ անում։ Նրանք ձգտում են միանալ երկու ճակատներին, ինչը նրանց հաջողվում է։ Նրանք թափանցում են ամենուրեք և իրենց հետևից քաշում-տանում բարոյապես թույլերին։ Այդ պատճառով դա փոքր և մեծ արկածախնդրության ժամանակն է։ Քաղաքացիական պատերազմի այդ արկածախնդիրներին պետք է դիտել անմիջականորեն, անձամբ` հասկանալու համար նրանց բնությունը` փառասեր, իշխանատենչ, կատարելապես արմատներից զուրկ, բարոյալքված։ Նրանք պատերազմը դարձնում են արհեստ. սեփական ժողովրդի աղքատությունը նրանց ոչինչ չի ասում, երկրի համընդհանուր փլուզումը նրանք նույնիսկ չեն նկատում, նրանք անտարբեր են ազգային մշակույթի քայքայման նկատմամբ։ Դրանք ապազգային կարիերիստներ են, որոնք սովորում են արյան մեջ լողալ և որոնց համար միևնույն է, թե որտեղից փող ճարել։ Այսպես է երկիրը, որտեղ քաղաքացիական պատերազմ է, կրծվում, ինչպես մորեխի հարձակումից, ու քանդվում, ասես երկրաշարժից։ Եվ ինչքան խտաբնակ է երկիրը, այնքան վայրագորեն է փոթորկում քաղաքացիական պատերազմը։ Միայն անողոք հարձակումն է խոստանում հաղթանակ։ Հարձակո՞ւմ։ Բայց ո՞ւմ վրա։ Սեփական ցեղակիցների՞, գայթակղված, դրդված, կուրացած համաքաղաքացիների՞։ Հազիվ թե գոյություն ունենա ավելի մեծ չարագործություն սեփական Հայրենիքի նկատմամբ, քան քաղաքացիական պատերազմի սանձազերծումը։ Իսկ ով չի ցանկանում սովորել օտարի օրինակով, թող գոնե պատկերացնի, թե ինչ անձնական պատասխանատվություն կկրի ապագայում։ Այստեղ կա երեք կանխարգելիչ միջոց. չի՛ կարելի թույլ տալ, որ ժողովրդի մեջ կուտակվի սոցիալական ատելությունը, չթողնել, որ այն վերաճի ատելության, թույլ չտալ, որ հուսահատությունը հանգեցնի քաղաքացիական պատերազմի սանձազերծմանը։ Մի՞թե չարժե երջանիկ համարել այն երկիրը, որտեղ հստակ լուծված են այդ խնդիրները»։
Այդ օրից անցել է արդեն վեց տարի, իսկ ես շարունակ լսում եմ հռետորի ձայնը և կատարյալ լռությունը, որը տիրեց անգլիացու խոսքից հետո։ Վիճելու ցանկություն չկար, և մենք հեռացանք` յուրաքանչյուրս խորասուզված իր մտքերի մեջ։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1434

Մեկնաբանություններ